Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Մոշենի - Ежевика - Rubus caesius L.

Մոշենի - Ежевика - Rubus caesius L.

Հայկական տարանունները - մոշա, մոշավայրի, մոշի, մորեմուկ

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրության, փշոտ թփաբույս է: Ցողունները ծածկված են կեռ փշերով: Տերևները բարդ են: Ունի 5-ական պսակաթերթիկներից բաղկացած սպիտակ ծաղիկներ: Պտուղը վառ կարմիր է, հասունանալիս` սև կամ թխակապույտ: Ծաղկում է ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսից: Բազմանում է սերմերով և ընձյուղներով: Աճում է անտառներում, ձորեզրերին, քարալանջերն, ճամփեզրերին, թփուտներում, մշակովի ձևով նաև այգիներում` հաճախ տալով զանգվածային բուսուտներ (մոշուտներ): Մեր հանրապետությունում կան մոշենու տասնյակ տեսակներ, որոնք բոլորն էլ ունեն թե՜ սննդային, և թե՜ բուժական նշանակություն, հիմնականում` Ղափանի, Գորիսի, Իջևանի, Մեղրու, Ազիզբեկովի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Թումանյանի և այլ շրջաններում: Բույսը պտղակալում է կանոնավոր, բավականաչափ լուսասեր է, վատ է տանում ցուրտը: ''Ռուբուսը'' լատիներեն ''ռուբեռ'' բառից է, որը նշանակում է կարմիր` ելնելով այն բանից, որ բույսի պտուղները նաև կարմիր են:

 

Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են սպիտներ, մինչև 7,5% շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, ֆիլլոխինոն, պեկտինային նյութեր, ազատ կիտրոնաթթու, վիտամիններից` B1, B2, PP, C, E, կարոտին, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, P, Fe, Mn, Cu: Տերևներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, թրթնջկաթթու և կաթնաթթու, սերմերում` մինչև 13% ճարպայուղ:

 

Բուժական նշանակություը: Բուժման նպատակով օգտագործում են դեղաբուսի տերևները, պտուղները, որոշ դեպքերում` նաև արմատն ու ծաղիկները: Հավաքում են մատղաշ տերևները` բույսի ծաղկելուց անմիջապես առաջ, չորացնում ստվերի տակ: Պտուղները հավաքում են լիովին հասունանալուց հետո, չորացնում արևի տակ կամ` վառարանում: Որպես դեղաբույս մոշենին ունի հին պատմություն: Դեռևս I դարում մ.թ.ա. Դիոսկորորիդը բույսի տերևների և արմատի եփուկն օգտագործել է լուծի, լնդերի, կոկորդի և մաշկային հիվանդությունների ժամանակ` ինչպս ներքին ընդունման, այնպես էլ ողողումների և թրջոցների ձևով: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հատուկ հավաքել են մոշենու տերևները (որոնք ունեն մածող, կազդուրիչ և մարսողությունը կարգավորող հատկություններ) և օգտագործել զինվորների դիզենտերիայի բուժման համար:

 

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի տերևները և պտուղները օգտագործվում են աղիների քրոնիկական բորբոքումների ժամանակ, իսկ պտուղները ճանաչվել են որպես քրտնամուղ և թեթև լուծողական միջոց: Պարզված է, որ թերհաս պտուղներն օժտված են փորկապող, իսկ հասուն պտուղները` լուծող հատկություններով: Պտուղներն ունեն մածող, հականեխիչ, վերքամոքող, հեմոստատիկ (արյունահոսությունը դադարեցնող) և քրտնամուղ հատկություններ: Լուծերի ժամանակ երեխաներին մեծ մասամբ նշանակում են պտուղները, իսկ մեծահասակներին` տերևներն ու ծաղիկները:

 

Բուլղարիայում տերևների եփուկը հանրահայտ է մարսողության խանգարումների ժամանակ: Լեհաստանում պտուղներն օգտագործում են հոդացավերի, երիկամների և միզապարկի բորբոքումների, ինչպես նաև` հազի ժամանակ: Արտաքին ձևով պտղահյութն օգտագործվում է վերքերը բուժելու նպատակով: Գերմանիայիում տերևաթուրմը լայնորեն օգտագործվում է լուծի, հազի, իսկ ողողման ձևով` բերանի խոռոչի բորբոքումների ժամանակ:

 

Ֆրանսիայում դեղաբույսի պատրաստուկները համարվում են որպես հեմոստատիկ, լուծը դադարեցնող և հակաբորբոքիչ միջոց: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ մոշենու պատրաստուկները համարվում են որպես լուծը դադարեցնող, աղիների գալարակծկանքն ուժեղացնող և ''արյունը մաքրող'' միջոց: Մ. Ա. Նոսալի տվյալներով, մոշենու տերևները կամ պտուղները` այլ միջոցների հետ զուգակցված, արդյունավետ ներգործում են անեմիայով, հիսթերիայով, աթերոսկլերոզով, հիպերտոնիկ և այլ հիվանդություններով տառապող անձանց: Հեղինակը նշում է, որ բուժման շնորհիվ նկատվել է կլիմաքսով տառապող կանանց քնի և ախորժակի լավացում, գլխի արյունալեցումների, մարմնի քորի և այլ հիվանդագին երևույթների վերացում: Հայկական ժողովրդական բժշկության մեջ մոշենու` ինչպես պտուղներից, այնպես էլ տերևներից, պատրաստված թեյը օգտագործում են ցրտառական հիվանդությունների ժամանակ` որպես քրտնամուղ և ջերմը իջեցնող միջոց: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ տերևաեփուկն օգտագործում են քրոնիկական էնտերիտների, ողողման ձևով` անգինայի, ներլվացումների ձևով` կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Դալար ճյուղերի և տերևների եփուկը խմում են, նևրոզների, տարբեր ծագման հևոցների, ջրգողության, արմատաեփուկը` ներքին արյունահոսությունների և մարսողության խանգարումների ժամանակ: Թարմ տերևները` տրորված ձևով, դնում են որքինով ախտահարված մաշկի, հնացած խոցերի և վերքերի վրա: Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դալար ընձյուղները` տերևներով, որպես մածող և հակաբորբոքիչ միջոց` եփուկի ձևով, դրականապես են ազդում սննդային տոքսիկոինֆեկցիաների, դիզենտերիայի և խոցային հիվանդության վրա: Կան տվյալներ մոշենու պտուղների հիպոգլիկեմիկ հատկության մասին: Սակայն դեղաբույսը մեզ մոտ գիտական բժշկության մեջ չի կիրառվում:

 

 

Մեր կողմից թարմ մոշահյութը` 100-ական գ, ամեն առավոտ, նախաճաշից հետո 1 ամիս տևողությամբ օգտագործվել է ասթենիկ սինդրոմով և հիպոտոնիայով տառապող հիվանդների մոտ: Բուժման կուրսն ավարտելուց հետո զգալի չափով բարձրացել է հիվանդների զարկերակային արյան ճնշումը, մեղմացել կամ վերացել են գլխացավերը, գլխապտույտը, շուտ հոգնածությունը, քնկոտությունը, սրտխփոցները: Նման հիվանդներին մենք առաջարկում ենք ձմռան ամիսներին պարբերաբար մոշի կոնսերվացրած պտղահյութ կամ մուրաբա:

 

Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստլու համար 4 թեյի գդալ հումքը 4 ժամ թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ: Կրկնակի դոզայով այս թուրմը օգտագործվում է կոկորդի և բերանի խոռոչի ողողումների համար, կամ` 50 գ տերևը 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, ապա օգտագործում թրջոցալաթերի ձևով` էկզեմայի և մաշկային սուր բորբոքումների ժամանակ: Տերևներից եփուկ պատրաստելու համար 1:10 հարաբերությամբ հումքը եռացնում են ջրում 30 րոպե, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` արյունախխումների, լուծի և ստամոքսային արյունահոսությունների ժամանակ: Կրկնակի դոզայով այս եփուկն օգտագործվում է կոկորդի ողողումների և թրջոցալաթերի ձևով` էկզեմային ժամանակ: Տերևներից քրտնամուղ թեյ պատրաստելու համար` ֆերմենտացման նպատակով թարմ հումքը 3-4 օր թողնում են փակ ամանում, հետո չորացնում բացօթյա` մինչև գորշանալն, ու օգտագործում թեյի ձևով: Մոշենու թեյն ունի հաճելի համ ու հոտ և ինչ-որ չափով հիշեցնում է չինական թեյը:

 

Պտուղներն օգտագործում են թարմ, չորացրած և ոգեթուրմի ձևով: Չոր պտուղները փշրում են, խառնում շաքարի հետ և տալիս լուծող երեխաներին` 1/2 թեյի գդալ, օրական 3 անգամ: Պտուղների ոգեթուրմը պատրաստում են սովորական օղիով` 1:10 հարաբերությամբ: Այն ըմպում են 50-ական մլ, օրական 2-3 անգամ` ցրտառական հիվանդությունների և բարձր ջերմության դեպքերում: Պտուղներից օշարակ պատրաստելու համար վերցնում են 200 գ շաքար, 100 գ թարմ պտուղ և 500 մլ ջրում եփում են մինչև թանձրացման աստիճան: Այն ընդունում են օրական 3-4 ճաշի գդալ` դիզենտերիայի ժամանակ:

 

Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 15 գ չոր, մանրացրած հումքը 2 ժամ թրմում են 300 մլ եռման ջրում, ապա ըմպում որպես միզամուղ, 1-ական ճաշի գդալ` ամեն 2 ժամը մեկ անգամ: Արմատից եփուկ պատրաստելու համար 100 գ լավ մանրացրած հումքը 500 մլ ջրում եփում են այնքան, մինչև կիսվի, ապա քամում ու ավելացնում նույն քանակությամբ հին, կարմիր գինի: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ` արյունահոսությունների և մարսողության խանգարումների ժամանակ: Արմատից եփուկ պատրաստում են նաև 1:20 հարաբերությամբ և որպես միզամուղ` ըմպում վերոհիշյալ ձևով: Պտուղներն ուտում են թարմ և չորացրած, օգտագործում նաև թեյի մեջ կլիմակտերիկ նևրոզների ժամանակ:

 

Քրտնամուղ թեյի համար վերցնում են 20-ական գ մոշենու տերև, սրոհունդ, երիցուկի, թանթրվենու և լորենու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ: Քրոնիկական էնտերիտների ժամանակ վերցնում են մոշենու տերևներ (2) և վաղենակի ծաղիկներ (1): Այս խառնուրդից 4 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 -2/3 բաժակ` օրական 3 անգամ, ուտելուց առաջ:

 

 

Անեմիաների բուժման համար Մ. Ա. Նոսալը վերցնում է 3 ճաշի գդալ սրոհունդ, 2 ճաշի գդալ խուլ եղինջի ծաղիկներ և 2 ճաշի գդալ մոշենու տերևներ, ավելացնում 3 բաժակ եռման ջուր, թրմում 3 ժամ, ապա տալիս` ըմպելու 1-ական բաժակ` օրը 3 անգամ: Նյարդային և հիսթերիկ վիճակների ժամանակ նույն հեղինակը վերցնում է 20 գ հոտավետ գետնաստղ, 25 գ մոշենու տերևներ, 10 գ ուրց, 20 գ սրտախոտ, 15 գ չորածաղիկ: Այս խառնուրդից` 1 ճաշի գդալ 1 բաժակ եռման ջրում 30 րոպե թրմելուց հետո, տալիս են միանվագ ըմպելու: Սակավ դաշտանի դեպքում հեղինակն այս խառնուրդի մեջ ուրցը փոխարինում է 10 գ ալոճենու ծաղիկներով, իսկ աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության դեպքում` վերջինիս ավելացնում 15 գ մղամուճ և վերոհիշյալ եղանակով նշանակում հիվանդներին:

 

Այլ օգտակար հատկանիշներ: Մոշենու պտուղներից պատրաստում են մուրաբա, կարկանդակի խորիզ, օշարակ, թրմօղի, գինի, զովացնող խմիչքներ, ժելե, պաստեղ, կոմպոտ, մրգահյութ և այլն: Թարմ պտուղները` ազնվամորու նման, հագեցնում են ծարավը: Ծաղիկներն արտադրում են առատ նեկտար: Ստացվող մեղրը թափանցիկ է, բնորոշ հաճելի համով և հոտով:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ